Բովանդակային նշանակության այդ հանդիպումը բունդեսլիգայի առաջնության շրջանակներում էր, որտեղ, իսպանական ակումբների հետ Չեմպիոնների լիգայի ֆանտաստիկ կիսաեզրափակիչ խաղերից հետո, «ՈՒեմբլիի» ուղեգիր ձեռք բերած Դորտմունդի «Բորուսիան» ու Մյունխենի «Բավարիան» խաչաձևեցին սրերը:
Հանդիպման օրից` մայիսի չորսից հաշված` սա ուղիղ երեք շաբաթից սպասվելիք նրանց գլխավոր ճակատամարտի գլխավոր փորձն էր: Իրար հետ հարաբերություններ պարզելու առումով կողմերի մասին բազմաթիվ հետաքրքիր վիճակագրական տվյալներ կան, որոնք այս նյութի շրջանակներում չենք մատուցի` դրանք թողնելով ավելի հարմար առիթի: Սակայն վերն ասածն արդարացնելու համար գոնե թեթևակի հղում պիտի անենք այն իրողությանը, որ, որքան էլ մրցաշարային աղյուսակի կտրվածքով այս հանդիպումը կողմերի համար խնդիր լուծող չէր («Բավարիան» դեռևս մի քանի տուր առաջ է նվաճել չեմպիոնությունը, իսկ երկրորդ տեղը «Բորուսիայի» ձեռքից խլելու համար միայն Աստված գիտի, թե ինչ արտակարգ պատահար պիտի լինի), այդուհանդերձ այն դիտարկելի է մեկ այլ, շատ ավելի կարևոր տեսանկյունից: Խոսքը վերաբերում է համաշխարհային ֆուտբոլում գերմանականի ներկայացրած հայտին` օրենսդիր դառնալու հավակնությանը:
«ՈՒեմբլիին» ընդառաջ` կողմերը սկզբունքային կարևորության այս հանդիպումում խաղաթղթերը, իհարկե, չբացեցին, երկուսն էլ իրենց բաժին ջոկերը պահեցին ափի կամ կապուկի մեջ: Ավելին, երկուստեք դաշտ դուրս եկան բավականին թարմացված կազմով, սակայն, անգամ հիմնական կազմի մեծ թվով ֆուտբոլիստների բացակայության պայմաններում, անկարող եղան զսպելու խաղին հիմնովին տրվելու իրենց անզիջում ոգին: Ինչ վերաբերում է հանդիպման 1:1 հաշվին, այն ընդամենը ծխածածկույթ էր մայիսի 25-ին սպասվելիք բախումից առաջ: Սեղմ` այսքանն այս հանդիպման մասին: Այստեղ տուրի գերմանականից մի հանդիպման էլ հպանցիկ անդրադառնանք ու անցնենք առաջ: Բրոնզե մեդալների ու Չեմպիոնների լիգայում հանդես գալու հարցերը լուծեց «Բայերը»` արտագնա խաղում հաղթելով «Նյուրնբերգին» (2:0):
Անգլիայի առաջնությունում «Մանչեստր Սիթին» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումը «Սուոնսիի» հետ նրա իսկ դաշտում` ահագին հարցեր թողնելով առկախված: Երևի վճռորոշ եղավ այն, որ մանկունիացիները մյուս շաբաթ գավաթային հանդիպում ունեն «ՈՒիգանի» հետ, իսկ սա այս մրցաշրջանում գոնե մի բանում առաջինը լինելու նրանց միակ հնարավորությունն է: Այս ոչ-ոքին իր հերթին «Չելսիին» հնարավորություն տվեց պայքարելու անգամ երկրորդ տեղի համար, սակայն դրա համար նախ անհրաժեշտ էր, որ արդեն իսկ չեմպիոնի կարգավիճակ ունեցող «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղում Ռոման Աբրամովիչի թիմը հաղթեր: Լոնդոնցիներին դա հաջողվեց անել «Օլդ Թրաֆորդում», ինչն էլ թիմին օգնեց բարձրանալու աղյուսակի երրորդ հորիզոնական:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն արդեն այս տուրում կարող էր հռչակվել չեմպիոն, սակայն «Վալանսիենի» հետ խաղում արձանագրված 1:1-ը մեկ տուրով հետաձգեց այն, ինչն անխուսափելիորեն լինելու է: Ասենք, որ ամբողջ մի խաղակես փարիզցիները խաղացել են տասը հոգով (առաջինի ավարտին կարմիր քարտ է ստացել Տիագո Սիլվան), թեպետ դա թիմին չի խանգարել հավասարեցնելու հաշիվը: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Մարսելը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բաստիային», «Նանսիի» հետ պայքարում հաղթանակ է տոնել և «Լիոնը» (3։0)` չորս միավորի ամրության պաշար ստեղծելով չորրորդ տեղում ընթացող «Սենտ Էթիենի» նկատմամբ:
Երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի չեմպիոն դառնալու համար հերթական խաղում «Յուվենտուսին» բավական էր մեկ միավոր վաստակել: «Պալերմոյի» հետ խաղում «ծեր սինյորան» չգնաց հեշտ ճանապարհով, թեպետ խաղի 1:0 հաշիվն էլ այնքան չեմպիոնական չէր, չնայած ուրախության մեջ ո՞վ է ուշադրություն դարձնում մանրուքներին: «Թուրինի» նկատմամբ նույն նվազագույն 1:0 հաշվով հաղթանակից հետո երրորդ տեղի համար պայքարում իրեն ավելի ազատ շնչելու դաշտ թողեց «Միլանը», որը պոչին նստած «Ֆիորենտինայի» սայթաքումից հետո նրանից արդեն առաջ է անցել չորս միավորով: Ինչ վերաբերում է փոխչեմպիոնական ախորժակ ունեցող «Նապոլիին», «Ինտերի» հետ խաղում նրա վաստակած երեք միավորն ավելի քան տեղին էր, որքան էլ որ տանտերերի հարկի տակ կրած 1։3 հաշվով պարտությունը փչացրեց վերջինիս երկրպագուների տրամադրությունը:
Եվ վերջապես իսպանական առաջնության մասին:
«Դեպորտիվոյի» հետ արտագնա խաղում «Աթլետիկոն» շոշափելի ոչնչի չհասավ, իսկ գոլազուրկ ոչ-ոքին ավելի հետ գցեց երկրորդ տեղի համար պայքարից: Փոխարենը նկատելիորեն գոլառատ ստացվեց արծաթե մեդալների համար պայքարող Մադրիդի «Ռեալի» հանդիպումը «Վալյադոլիդի» հետ` յոթ գնդակ: Բոլոր դեպքերում արժանին պիտի մատուցել վերջինիս, որը երրորդ գնդակը խփեց խաղավարտի մոտերքում ու մոտ էր մայրաքաղաքայինից նրա իսկ դաշտում միավոր խլելուն: «Ռեալի» չորս գոլից երկուսի հեղինակը Քրիշտիանու Ռոնալդուն է:
«Ռեալի» «վարակիչ» օրինակով «Բետիսի» հետ խաղը «Նոու Կամպում» սեփական դարպասը գոլ ընդունելով սկսեց և «Բարսելոնը»: Սակայն, եթե «Ռեալն» այնուհետ իրեն ավելորդ ազատություն թույլ չտվեց, կատալոնցիները ևս մեկ անգամ հանդուրժեցին հաշվի մեջ մրցակցի առաջ անցնելը: Ի վերջո, «Բարսելոնը» հաղթեց, սակայն թող ներվի նկատելը, որ այստեղ էականը խաղի 4:2 հաշիվը չէ նույնիսկ: Ինչ ուզում եք ասեք, ձեր ճաշակի ու իմացության, համակրանքի շրջանակներում ում ուզում եք աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարեք, սակայն որ Մեսիի մեջ աստվածային նախասկիզբ կա, այս մեկը ստիպված եք ընդունել: 1:2 հաշվով պարտվելու պարագայում բավական էր այս ֆուտբոլիստը պահեստայինների նստարանից հայտնվեր խաղադաշտի եզրին, որ նրա էներգետիկան անտեսանելի թելերով փոխանցվեր խաղընկերներին ու նյութականանար դարպասի գրավումով: Ինչ վերաբերում է արգենտինացու դաշտ մտնելուն, ապա այն պսակվեց դարպասի ևս երկու գրավումով: Էլ կարիք կա՞ ասելու, որ այդ երկուսի հեղինակն էլ ֆուտբոլի անգերազանցելի արքան է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Գուցե թե նյութի կառուցվածքին այնքան էլ չի ներդաշնակվում ասելիքս, սակայն տպավորություն է, որ համաշխարհային ֆուտբոլում եթե անգամ «Բարսելոնն» առաջնայնությունը զիջի մեկ այլ ակումբի, եթե անգամ անդառնալիորեն անցնի նրա դարաշրջանը, միևնույն է, քանի դեռ այս ակումբում կա Մեսին, ֆուտբոլասերը միշտ էլ գերապատվությունը տալու է կատալոնյան ակումբի խաղը դիտելուն, որովհետև մարդն առանց գեղեցիկի սպասման չի կարող ապրել, որովհետև Նախաստեղծի կամոք գեղեցիկի ընկալումն ի սկզբանե է դրված մարդու մեջ, որպես նրա գոյության, ապրելու, արարելու նախապայման: Իսկ եթե դուք կյանքի, իրականության ընկալման այլ կողմնորոշիչներ ու չափանիշներ ունեք, ապա կներեք, որ մեր զրույցն այլևս չի կարող շարունակություն ունենալ: